ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։
«Երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանի կենտրոնի բնակելի շենքերում ճաքեր են առաջացել. տեսանյութ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: