Թեև Հայաստանում գրանցված երկրաշարժը խաթարեց հայաստանցիների շաբաթօրյա հանգիստը, բայց ի զորու չեղավ խախտել հարևաններով սուրճի սեղանի շուրջ հավաքվելու ավանդույթը։ Sputnik Արմենիայի տեսախցիկը մի շարք հետաքրքիր տեսարաններ է արձանագրել երևանյան բակերում։
Երկրաշարժի պատճառով իրենց տները լքած մարդիկ փորձում են զբաղմունք գտնել բակերում։
Օրինակ` Երևանի Կենտրոն համայնքի բակերից մեկում հարևաններով որոշել են ժամանակը զուր չվատնել ու սուրճ խմել, իսկ որպես սեղան ծառայում է բակում կայանած ավտոմեքենան։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: