ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը որոշել է ազատվել վտանգավոր և անհարմար միկրոավտոբուսներից` դրանք փոխարինելով 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսներով։ Երևանի ավագանու այսօր կայացած նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Այս պահին հաստատում ենք 161 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնումը։ Առկա պայմաններում շատ գործարաններ վախենում են ներդրումներ անել ու պայմանագրեր կնքել, բայց մենք վստահեցրել ենք, որ կկատարենք մեր պարտավորությունները»,–ասաց քաղաքապետը։
Նա հայտնեց նաև, որ WIG ընկերության հետ կնքվել է պայմանագիր, որն էլ Երևան քաղաքի նոր տրասնպորտային ցանցը կներկայացնի։ Համաձայն այդ նոր տրասնպորտային ցանցի՝ Երևան քաղաքում գործելու է 850 ավտոբուս, դրան գումարած` 10 տոկոս պահուստային ավտոբուս։ 850 ավտոբուսներից 450-ը լինելու 7.5-8.5 մետրանոց, մնացածը` 12 և 18 մետրանոց։
Քաղաքապետը հայտնեց նաև, որ 7.5-8.5 մետրանոց ավտոբուսները չինական են լինելու։ Նրա խոսքով` եթե գործարքը կյանքի կոչվի, ապա սա Երևանի համար լավագույն ձեռքբերումը կհամարենք։
Սայլը չկա, որ տեղից շարժող լինի. Եղիազարյանը` տրանսպորտային նոր ցանցի ներդրման մասին
Հիշեցնենք` համայնքային բյուջեի միջոցներով գնված փոքր տարողության, կոմպակտ դասի 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևան էր բերվել 2020թ.–ի դեկտեմբերին: