ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook–ի իր էջում անդրադարձել է հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը պղծելու լուրին։
«Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը: Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից»,– գրել է նա:
Մարությանի խոսքով` Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվավոր կոչումը։
«Եվ որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը»,– շեշտել է Երևանի քաղաքապետը:
Նա հուսով է, որ իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան:
Հիշեցնենք` հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը գտնվում է Երևանի օղակաձև զբոսայգում` Տերյան և Մոսկովյան փողոցների հատման վայրում։ Այն տեղադրվել է 2006 թվականի հոկտեմբերի 27-ին։
Թուրքերը Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
Նախորդ տարի հոկտեմբերին անհայտ անձը կամ անձինք կրկին պղծել էին այս հուշարձանը` նորից կարմիր ներկ լցնելով վրան։ Երևանի քաղաքապետարանի կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները շատ արագ մաքրել էին հուշարձանը։