ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի թվայնացման 2021-25թթ.–ի ռազմավարությունը, որով նախատեսվում է էլեկտրոնային ծառայություններ ներդնել կառավարման ողջ համակարգում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ծրագիրը ներկայացնելիս, ասաց, որ ռազմավարության իրականացման արդյունքում ՀՀ–ում շուրջ 300 տեսակի ծառայություններ ու 150 լիցենզիաներ հնարավոր կլինի ստանալ առցանց եղանակով։
«Մինչև 2025թ.–ը կառավարությունը բացառելու է ծառայությունների ստացման նպատակով պետական ինքնակառավարման մարմիններ այցելելու անհրաժեշտությունը։ Իրավաբանական անձանց ու ՏԻՄ–ի հետ հաղորդակցվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Պետությունը բացառելու է քաղաքացուց տեղեկություններ ու փաստաթղթեր պահանջելու դեպքերը, եթե նման փաստաթղթերն արդեն առկա են էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանում»,– ասաց Արշակյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ առաջիկայում նաև տուգանք է սահմանվելու քաղաքացուց նույն տվյալը պահանջելու համար։
Ավինյանի խոսքով` պետական և համայնքային շուրջ 400 ծառայություններից օգտվելու համար մինչև 2022թ–ը մշակվելու են հեռախոսային հավելվածներ, իսկ մինչև 2021թ–ը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար գործելու է հեռախոսի միջոցով նույնականացման ծրագիրը` էլեկտրոնային ծառայություներից օգտվելու ու գործարքներն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու համար։