ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։
Այդ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել, մասնավորապես նշելով, որ Սուրբ Վարդանանք սոսկ պատմություն չեն, այլ ոգու վեհ ներկայություն մեր կյանքում: Հինգերորդ դարում նրանք արիությամբ դիմակայեցին ահեղ փորձությանը՝ ունենալով վստահությունը, որ մեր ժողովուրդը առհավետ սիրով կապված պիտի մնա հայրենի իր երկրին։
«Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռվից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զորացած և հայրենյաց սիրո ջերմ զգացումով քաջ ու արդյունավոր լինենք մեր սրբությունների ու արժեքների պաշտպանության և մեր հայրենիքի զորացման ու շենացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատվության մեջ: Նրանց հիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի, հանուն մեր իղձերի, հանուն մեր նահատակ զավակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին և զոհվեցին Արցախի համար այս պատերազմում»,-նշել է կաթողիկոսը։
Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: