ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ծանուցագրեր ստացած անձանց օգնել են խուսափել զորավարժանքներից։
«Ընդհանուր զորահավաք իրականացնելու որոշման հիման վրա ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից 2020-ի հոկտեմբերին Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված 6 զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ ծանուցագրեր: Նշված համայնքների ղեկավարները կազմել և ՊՆ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ 6 պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են ՀՀ–ից»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Համայնքի ղեկավարները նման գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:
Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով։
Հայկական կողմից ևս նման դեպք է եղել. ԱԱԾ–ն` ազատ արձակված ադրբեջանցի զինծառայողների մասին