ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն հայտնել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։
Նշենք, որ երեկ` փետրվարի 9–ին Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 5 հայ գերիներ, իսկ Երևանից Բաքում` մեկ ադրբեջանցի գերի։