ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած մոբիլիզացիոն ռեսուրսի 3-4%-ն առայժմ չի վճարվել ռազմական գործողություններին մասնակցելու դիմաց: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով` չվճարվողները հիմնականում երկու խումբ անձինք են:
«Նրանք, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները և նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել»:
Կա նաև երրորդ խումբ, ովքեր պատերազմ են մեկնել կամավոր, բայց զորամասում չեն գրանցվել: Հարությունյանը հայտնեց, որ ՊՆ-ն զորամասերից այժմ պահանջում է ներկայացնել նման անձանց տվյալները:
«Հենց մենք այդ տվյալները ստանում ենք, վճարում ենք»,- ասաց նախարարը:
Վաղարշակ Հարությունյանը հույս հայտնեց, որ մինչև մարտի 1-ը հաշվառման հետ կապված խնդիրները կլուծվեն և վճարումները կկատարվեն:
Նշենք, որ կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի Հանրապետության նկատմամբ կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած կամավորների բուժումն ու վերականգնողական բուժօգնությունը կիրականացվի պետության կողմից` անվճար և արտոնյալ պայմաններով։