ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզի գերի ընկած տղաների հարազատներն այսօր տարբեր ժամերի փակել են մարզ տանող ճանապարհները:
Այս պահին փակ է Վանաձոր-Գյումրի ճանապարհի Ջաջուռի հատվածը, իսկ ավելի վաղ փակ է եղել Երևան-Գյումրու մայրուղու Հոռոմի հատվածը, որը հիմա արդեն բաց է:
Շիրակի նորանշանակ մարզպետը Հովհաննես Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մարդիկ հուզական ու էմոցիոնալ ծանր վիճակում են:
«Բայց հավաստիացնում եմ, որ այդ խնդիրների լուծման համար երկրի ղեկավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է, լուծումները մենք օր օրի տեսնում ենք և երեկ էլ դա զգացինք»,-ասաց նա:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` հարազատները բորբոքվել են, որովհետև երեկ նրանց տեղեկացրել են, որ Հայաստան են վերադառնում 25 գերիներ, փոխարենը հայրենիք են տեղափոխվել 5-ը:
Նշենք, որ երեկ` փետրվարի 9-ին, Հայաստան վերադարձած գերիներից 4-ը Գյումրուց էին, մեկը` Մասիսից։ Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։
«Աստված ինձ տուն բերեց»․ 23-ամյա գյումրեցին հայրենիք վերադարձած գերիների թվում է
Հիշեցնենք` հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: