ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության կամ որևէ եղանակով վարչական լծակի տիրապետելու եղանակով անիմաստ է ընտրությունների գնալը։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հանդես էր եկել հայտարարությամբ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ վարչապետի` խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Հայտարարության մեջ նշված էր նաև, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։
«Եթե Փաշինյանն ի վիճակի է իրեն թույլ տալ ամենահասարակ դեպքերում ուժային կառույցներին օգտագործել ժողովրդի դեմ, ես պատկերացնում եմ, թե ինչ վայրագությունների հանձնարարություն է տալու ընտրությունների օրը, որպեսզի կարողանա իր իշխանությունն անմահացնել։ Սակայն Փաշինյանը որոշ մարդկանց ելույթներից այնքան վախեցած էր, որ ուղղակի խուսափեց ընտրություններից»,–ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Փաշինյանն այլևս չունի բարձր վարկանիշ, և եթե կեղծիքներ չլինեն, նա չի կարող հաղթել ընտրություններում։
Հարցին, թե իշխանությունն ասում է, որ ընդդիմությունը չի ցանկացել արտահերթ ընտրություններ` ի՞նչ կասի այդ մասին, Պետրոսյանը պատասխանեց, թե այդ ե՞րբ է Փաշինյանը հաշվի առել ընդդիմության կարծիքը։ Նա նշեց` Փաշինյանն այն մարդն է, որ անթաքույց կերպով արհամարհում է ընդդիմությանը։
Նա հավելեց, որ ԲՀԿ–ն դեմ չէ արտահերթ ընտրություններին, սակայն դեմ է, որ դա տեղի ունենա Փաշինյանի վարչապետության շրջանում։