ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. 81-ամյա կինը հայտնաբերվել է տան հյուրասենյակի հատակին ընկած՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ին։ Այդ օրը՝ ժամը 18:55-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հորաքույրը մահացել է:
«Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ դին՝ պարանոցի և ձեռքերի հատվածներում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն կատարելը):
Պարզվել է, որ տարեց կնոջը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչը. նա ոստիկանություն ահազանգած քաղաքացու ընկերն է:
43-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք:
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի
Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: