ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Եղեգիս գյուղում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծին սպանած ու մասնատած երիտասարդներից մեկը երևանցի է։ Ոստիկանության մամուլի բաժինը նոր տեղեկություններ ու նաև տեսանյութ է հրապարակել փետրվարի 4-ին Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայքում արված ապօրինի որսի մասին։
Ոստիկանության հաղորդմամբ՝ հենց նույն օրը երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի մոտից բերման են ենթարկվել ևս երեք անձ։
«Նրանցից մեկի՝ նույն գյուղի 19-ամյա բնակչի ուսապարկից անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մորթած և մաշկած կենդանու մարմին, իսկ 23-ամյա երևանցու մոտ՝ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Հրացանն օրինական էր, բայց նրանց արարքը՝ ոչ»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Բերման ենթարկվածները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ մաշկազերծված կենդանին բեզոարյան այծ է։ Խոստովանել են, որ կենդանուն ժամեր առաջ երևանցին որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։