ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Շվեդիան պատրաստակամ է ու նպատակադրված էլ ավելի ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր բնագավառներում, այդ թվում՝ նպաստելու մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոն հանդիպման ընթացքում խոսել են համագործակցության հնարավոր ուղղությունների մասին։
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեսպանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում Շվեդիան մեծապես կարևորում է Հայաստանում բարեփոխումների օրակարգի կյանքի կոչումը, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավման, արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությանը:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է մեր երկրի տնտեսական դաշտում շվեդական բիզնեսի ներգրավմամբ:
Զրուցակիցները խոսել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը՝ ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար և նշել, որ Հայաստանի օրակարգում առաջնահերթություն է հումանիտար խնդիրների լուծումը, մասնավորապես գերիների հետ վերադարձի ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում անհրաժեշտ է միջազգային վերահսկողություն։
Դեսպանն ընդգծել է, որ Շվեդիան իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու և հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը հասնելու գործում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: