ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Բրիտանական կառավարությունը մերժել է Թուրքիային ավիակիր վաճառելու խնդրանքը։ Տեղեկությունը հայտնում է Middle East Eye–ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Աղբյուրն ասել է, որ թուրքական իշխանություններն անցյալ տարի բրիտանացիների հետ բանակցություններ են վարել Queen Elizabeth դասի նոր կամ դուրս գրված ավիակիր գնելու շուրջ: Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել թուրքական կողմի համար. բրիտանացիները մերժել են խնդրանքը` ասելով, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն ցուցաբերել Թուրքիային, եթե վերջինս որոշի սեփական ավիակիր կառուցել:
Պարբերականը նշում է` հիմա Թուրքիան սեփական կարիքների համար կառուցում է «Anadolu» թեթև ավիակիրը, որի դիզայնը հիմնված է իսպանական «Juan Carlos I» (L-61) բազմանպատակային դեսանտային նավի վրա: Բայց Թուրքիան տախտակամածային ավիացիայի հետ կապված խնդրի է բախվել։ Սկզբում ծրագրվում էր, որ ապագա ավիակիրը կօգտագործի ամերիկյան F-35 կործանիչները՝ ուղղահայաց վայրէջքով։ Այնինչ ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրեց F-35 ծրագրից։ Այնպես որ անհասկանալի է, թե ինչ ինքնաթիռներ կարող է օգտագործել «Anadolu»-ն։
Թուրքիան «բայրաքթարների» ստեղծման վրա ծախսել է ՀՀ գիտության 10 տարվա բյուջեն. ԳԱԱ նախագահ