ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի - Sputnik. Թուրքիան փորձում է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունների թեման, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով The Washington Post թերթում հրապարակված հաղորդագրությունը:
Հունվարի 28-ին The Washington Post թերթում հոդված էր հրապարակվել ԱՄՆ-ի նոր վարչակազմի և Թուրքիայի հարաբերությունների մասին: Հոդվածում հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ խորհրդականին (անունը չի նշվում), ասվում է, որ Անկարան պատրաստ է «կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», չնայած այն բանին, որ նոյեմբերին աջակցում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական արշավին:
Թուրք պաշտոնյան պնդում է, որ Անկարան պատրաստ է նույնիսկ բացել սահմանը, և եթե Հայաստանը պատրաստ է քայլ անել, իրենք պատրաստ են դրան։
Սաֆրաստյանի կարծիքով՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի՝ պաշտոնը ստանձնելու ֆոնին։
«Դատելով ԶԼՄ-ների հաղորդումներից և ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, Թուրքիայի ղեկավարությունը բավականին անհանգստացած է, որ Բայդենի վարչակազմի հետ հարաբերությունները շատ ավելի վատը կլինեն, քան Թրամփի հետ էին։ Եվ Վաշինգտոնի ճնշումը Թուրքիայի վրա կավելանա մասնավորապես ռուսական С-400 համակարգերի գնման հետ կապված»,-ասաց Սաֆրաստյանը։
Թուրքիայի ղեկավարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի այս սկզբնական փուլում, երբ Բայդենը նոր է ձևավորում իր արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Թուրքիայի հանդեպ, ճիշտ մոտեցում գտնի նախագահին։
Նրանք փորձում են «դրական ազդակներ» ուղղել այն մասին, որ իրենք պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի հետ։
«Բացեք ձեր աչքերը՝ նախքան երկրորդ ցեղասպանությունը». բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում
«Եվ դրա համար օգտագործում են Հայաստանի հետ հարաբերությունները։ Գաղտնիք չէ, որ դեռ 90-ականներին ԱՄՆ-ն հանդես էր գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դիրքից, զանազան նախաձեռնություններ էր առաջ քաշում»,-ասաց Սաֆրաստյանը։
Բայց դրանք իրականություն չդարձան։ Թուրքիան ամեն անգամ շարունակում էր իր կոշտ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Դրա էությունն այն է, որ Երևանին ստիպեն հրաժարվել Ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացման ուղղված քաղաքականությունից և հնարավոր փոխհատուցումից, հրաժարվել Արցախի պաշտպանությունից, ինչպես նաև հաստատել Կարսի պայմանագիրը (հրաժարարվելով հնարավոր տարածքային պահանջներից)։
Հիմա Անկարան հերթական անգամ ԱՄՆ-ին ազդակ է հղում, թե իբր պատրաստ է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Բայց, իհարկե, նրանք նման պատրաստակամություն չունեն։ Որևէ ազդակ (անգամ նախնական) այն մասին, որ Թուրքիան փոխում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր քաղաքականությունը, ես չեմ տեսնում։ Ավելին՝ Անկարան կփորձի օգտվել արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից և կավելացնի ճնշումը Երևանի վրա»,-նշեց Սաֆրաստյանը։
Մասնավորապես, նման ճնշման տարրերից մեկը կարելի է դիտարկել Կարսի մոտակայքում անցկացվող զորավարժությունները։ Հաջորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունները կլինեն Նախիջևանում և հենց Ադրբեջանում։
Հարձակողական բնույթի զորավարժություններն ուղեկցվում են Հայաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելուն ուղղված զգալի քարոզչությամբ։
Արժե՞ անհանգստանալ Կարսի զորավարժություններից. ռուս փորձագետի դիտարկումները
Մյուս կողմից` զորավարժություններն ուղղված են նաև Մոսկվայի դեմ։ Թուրքիայի քաղաքականությունը, այնուամենայնիվ, ենթադրում է Մոսկվային դուրս մղել Հարավային Կովկասից։
Նշենք, որ WP-ի հոդվածում նշվում է, որ Արևմուտքի և Անկարայի հարաբերությունների վրա կարող էր դրական անդրադառնալ նաև Թուրքիայի և Կիպրոսի հարաբերությունների կարգավորումը։
Թուրք-ադրբեջանական զորավարժությունները կմեկնարկեն փետրվարի 1-ին Կարս նահանգում և կշարունակվեն մինչև 12-ը։ Դրանցում ներգրավված կլինեն տանկային զորամիավորումներ, հրետանային զորամասեր, դիպուկահարների ջոկատներ, հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներ և ավիացիա: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է ապահովել գործողությունների համակարգումը համատեղ գործողությունների իրականացման դեպքում, ինչպես նաև փորձարկել նոր սպառազինությունն ու տրանսպորտային միջոցները:
Նախատեսվում է նաև մշակել ավիահարվածներ պայմանական հակառակորդի օբյեկտներին, դեսանտավորում և լոգիստիկ աջակցություն։
Կարսի թուրք–ադրբեջանական զորավարժությունները կարող են մտահոգիչ լինել նաև ՌԴ–ի համար