Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի (Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard) նոր առանձնյակ է նկարահանվել, որը հավանաբար էգ է։ Տեղեկությունը հայտնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որը «Դիմավորե՛ք... Նովա» խորագրով տեսագրություն է հրապարակել Facebook-ում:
«Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը մեծացնում է նրանց բազմանալու հավանականությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես է Խոսրովի անտառի լուսանը «ճեմում» ձյան առատ շերտի վրա. տեսանյութ
Հիշեցնենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:
Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում Սյունիքի լեռներում. տեսանյութ