ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ այսօր Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նշվում է, որ արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն:
Արցախյան պատերազմում ցուցաբերած խիզախության համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան հանձնել է ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողներ կապիտան Շանթ Հայրապետյանին, լեյտենանտ Գևորգ Կարապետյանին, կրտսեր սերժանտ Հովհաննես Գևորգյանին և շարքային Արամ Միդեյանին։
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով Արցախի Հանրապետությունում ծավալած պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցելու համար մի շարք եկեղեցականներ արժանացել են նախարարության պարգևների:
Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է փոխանցել ներկաներին։