ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները դիմադրել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճգնաժամին ու նվազագույն կորուստներով են դրանից դուրս եկել։ Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամրջի ընթացքում։
Նախարարի խոսքով՝ միակ երկիրը, որը կարողացել է նախորդ տարի տնտեսական մի փոքր աճ գրանցել, Չինաստանն է։ Մնացած երկրներում անկում է գրանցվել։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ երկրներին՝ ամենամեծ վնասը կրել են ծառայությունների ու զբոսաշրջության ոլորտները։
«Առաջիկայում կհրապարակենք տնտեսությունների աճի տեմպի նվազեցման վերջնական վիճակագրությունը», - ասել է Ժակսիլիկովը։
Այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրները նվազագույն կորուստներով են դուրս եկել ճգնաժամից, պայմանավորված է նրանով, որ կառավարությունները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել բիզնեսին։
«Դա դրական դերակատարություն է ունեցել», - նշեց Ժակսիլիկովը։
ԵԱՏՀ խորհուրդն արգելել է անհատական պաշտպանիչ միջոցներ արտահանել ԵԱՏՄ-ից
Այս տարի, նախարարի խոսքով, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների աճ է կանխատեսվում, սակայն այժմ դեռ վաղ է կանխատեսումներ անել։
Տնտեսական ակտիվությունն արդեն նկատելի է այն փաստով, որ ԵԱՏՄ-ում, մասնավորապես՝ Ռուսաստանում, աճել է աշխատուժի պահանջարկը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թ-ին ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Բելառուսը։
ԵԱՏՀ–ն բոլոր պատնեշների միաժամանակյա չեղարկում է առաջարկել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին