Գել անեմ, գելկապ անեմ,
Վատ բերանդ ամուր կապեմ
Սուրբ Սարգսի ձիու մազով,
Աստվածածնա մաքուր կաթով...
Շատերի համար անսովոր ու տարօրինակ այս քառյակը հնագույն ժամանակներից պահպանված աղոթք է, որն հնչեցրել են Սուրբ Սարգսի տոնին։ Այն այսօր էլ օգտագործում են տոնի արմատներին ու ավանդույթներին լավատեղյակ մարդիկ։
«Աղոթքների մեջ չափազանց լրջություն կա, դրանք շատ խորիմաստ են և դեռ ուսումնասիրության կարիք ունեն»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը։
Չնայած տոնն ինքնին համարվում է քրիստոնեական, բայց դրա ակունքներում պահպանվել են նախաքրիստոնեական ավանդույթները. աղի բլիթն էլ ասվածի վառ ապացույցն է։ Ըստ ազգագրագետի` այն ուտելուց առաջ հնում ընդունված են եղել առաջին հայացքից տարօրինակ, բայց գիտական հենք ունեցող հավատալիքներ։
«Աղի բլիթ ուտելուց առաջ խորհուրդ էր տրվում մազերը չսանրել ու չլողանալ։ Թվում է` գործ ունենք սնահավատության հետ, բայց այդպես չէ։ Երբ դու ընկալում ես սրա գաղտնագիրը, հասկանում ես, որ այն լրիվ այլ գիտություն է»,- նշեց նա։
Ազգագրագետի խոսքով` տոնի ամենակարևոր բաղադրիչը ռազմի ոգին է, որը ամենուր օգնության է հասնում զինվորներին։
«Արագահաս Սուրբ Սարգիսն իր զորությամբ առաջին հերթին օգնության է հասնում վիրավոր ու նեղն ընկած զինորներին... աղոթքների մեծ մասը կապվում է արագահասության, զինվորին փրկելու, ասպետին օգնելու հետ»,- ընդգծեց Բաղրամյանը։
Մեկ այլ վարկածով`զորավորը գալիս է մարդկանց ձմռան բքերից ազատելու, քամիները քշելու և մարդկանց մահից կյանք ուղեկցելու համար։
Տոնի բաղկացուցիչ մասն են կազմել ավանդական ուտեստները։ Հնում այդ օրը կերել են բացառապես աղի ուտեստներ, թթու ապուրներ՝ քրչիկ, օձի թթու և այլն։
Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ
«Օձի թթուն օձի հետ կապ չունի, թթվով եփվող ուտեստ է, լավ սոխարած են անում կաղամբի թթվով, շատ կարմիր պղպեղ են լցնում, ամեն տեսակի համեմունքներ և բլղուրից կոլոլակներ են պատրաստում»,- հավելեց ազգագրագետը։
Նշենք, որ այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Տոնի նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում` հավատալով, որ այդ գիշեր երազում կտեսնեն իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին։