Եթե ադրբեջանական կողմը մի օր որոշի Հայաստանին կանգնեցնել բնապահպանական աղետի առաջ և վտանգել Սևանա լճի ջրային պաշարները, թիրախում կհայտնվեն նաև Վրաստանը, Իրանը, Թուրքիան և նույն ինքը Ադրբեջանը, քանի որ նշված բոլոր պետությունները սնվում են Հայաստանի վերգետնյա ջրային պաշարներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բնապահպան Ինգա Զարաֆյանը` մեկնաբանելով մի շարք բնապահպանների շրջանում առաջացած անհանգստությունը, թե թշնամու հսկողության տակ գտնվող Որոտան և Արփա գետերի ակունքները և Սևանա լիճը վտանգված են։
«Քանի որ Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը և Թուրքիան գտնվում են մեր վերգետնյա ջրերի ազդեցության տակ, դժվար է պատկերացնել, որ պետական մակարդակով պլանավորած գործողություններ լինեն, որոնք կվտանգեն մեր ջրավազանները»,- ասաց նա։
Զարաֆյանն օրերս անձամբ է այցելել Սոթքի մոտակայքում գտնվող Գեղամասար և Մեծ Մասրիկ համայնքներ, հանդիպել բնակիչներին, որոնք ևս մտահոգված են ջրային պաշարների ճակատագրով։ Բնակիչներին բնապահպանը հորդորել է չշտապել, իսկ իր գործընկերներին կոչ է անում նման հայտարարություններ անելիս զգուշավորություն ցուցաբերել։
«Վտանգի մասին խոսելու համար պետք է հասկանալ, թե դրանց քանի՞ տոկոսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, կոնկրետ ո՞ր տարածքների, ո՞ր ակնունքների մասին է խոսքը։ Մինչդեռ, մենք չենք տեսել այդպիսի հաշվարկներ, ամեն մի հայտարարության տակ պետք է հաշվարկ լինի չէ՞»,- նշեց բնապահպանը։
Նրա խոսքով` նման որևէ տվյալ չի ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը նախօրեին հրավիրած ասուլիսում նշել էր, որ Սևանա լիճը սնուցող Որոտան և Արփա գետերի ակունքները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը
Ավելի ուշ նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը պարզաբանում էր տարածել՝ նշելով, թե նախարարը նկատի է ունեցել ոչ թե նշված գետերի անմիջական ակունքները, այլ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքները, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ։ Դրանք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։