Արա Մարջանյանի դիտարկմամբ`նախաձեռնությունն իսկապես կարևոր է և տարբեր ոլորտներում ընդհանուր շուկաներ ձևավորելու գաղափարն ընկած է ԵԱՏՄ թե՛ ռազմավարության, թե՛ աշխարհաքաղաքականության հիմքում, թեև ճանապարհը շատ բարդ է ընթանում և նախորդ տարվա առցանց ձևաչափով կայացած գագաթնաժողովում հայտարարվեց, որ մինչև 2025 թվականը վերոհիշյալ միասնական շուկան արդեն պետք է ձևավորված լինի։
«Միասնական շուկային պարագայում Հայաստանի համար հասկանալի կդառնան գազի գնագոյացման հարցերը, կգտնվեն բարենպաստ և ճիշտ լուծումներ սպառող երկրների համար, կստեղծվի ձեռնտու իրավիճակ։ Օրինակ` Հայաստան, Ղրղզստանը և Բելառուսը կողպված երկրներ են` առանց ելքի դեպի բաց ծով, չունեն սեփական գազի և նավթի պաշարներ, ներկրող երկրներ են, ինչը նրանց դարձնում է խոցելի ներկրվող էներգակիրների տեսանկյունից, հետևաբար այս և նման այլ հանգամանքները, կարծում եմ, հաշվի կառնվեն միասնական շուկա ձևավորելու ընթացքում»,– նշեց Հայաստանի էներգետիկայի գծով ՄԱԿ–ի ազգային փորձագետը։
Մարջանյանը հատուկ անդրադարձավ նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը` Քյափազ– Սերդար նավթագազային դաշտի համատեղ շահագործման վերաբերյալ, որը կարող է հաշվեկշիռ փոխել տարածաշրջանային առումով և ազդել էներգետիկ աշխարհաքաղաքականության վրա։
Գազի շուրջ բանակցությունները ՀՀ–ի և ՌԴ-ի միջև կշարունակվեն մինչև 2021թ․-ի 2-րդ եռամսյակը
Ըստ նրա` նաև այս հանգամանքով է պայմանավորված ԵԱՏՄ շրջանակներում գազի ու նավթամթերքների միասնական շուկան հնարավորինս արագ ձևավորելու հրամայականը, հետևաբար` Հայաստանը պետք է շատ շրջահայաց գտնվի` հաշվի առնելով իր էներգետիկ ու անվտանգային համակարգերի անխափան աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով։