ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Ալմաթիում, որտեղ փետրվարի 5-ին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն միության ինտեգրացիոն ներուժի համատեղման հարցերը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի վարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Նախատեսվում է նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ երկրների՝ Մոլդովայի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչների մասնակցությունը:
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմով։ Դրա օրակարգում ընդգրկված են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, ներքին շուկայի գործունեության խոչընդոտների վերացման, ինչպես նաև տնտեսության առանձին ոլորտներում ինտեգրացիոն ներուժի զարգացման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Տնտեսական դիվանագիտությունը Հայաստանում չի կայացել. ԵԱՏՄ–ի հետ համագործակցության մասին
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կայցելեն «Գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողով ՝ նվիրված թվային էկոհամակարգերի փոխգործակցության հարցերին: Համաժողովին հրավիրված են ոլորտի գիտնականներ և փորձագիտական շրջանակների առաջատար ներկայացուցիչներ: