ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. «Տամբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կլքի ակումբն ու կտեղափոխվի «Արարատ–Արմենիա»։ Տեղեկությունը հայտնում է Sports24–ը։
Աղբյուրի տվյալներով` 33-ամյա հարձակվողը շուտով Հայաստանի չեմպիոնի հետ պայմանագիր կստորագրի։
Այս խաղաշրջանում Կարապետյանը «Տամբովի» կազմում 16 խաղ է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։ Անցած խաղաշրջանում նա հանդես էր գալիս «Սոչիի» կազմում։
Ալեքսանդր Կարապետյանը ծնվել է Թբիլիսիում և մինչև 11 տարեկանն ապրել Վրաստանում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ Ալեքսանդրը սկսել է զբաղվել ֆուտբոլով երկրորդ Բունդեսլիգայի ակումբի դպրոցում։
Սկզբում Կարապետյանը հանդես է եկել Գերմանիայի ցածր դիվիզիոնների ակումբների կազմում, այնուհետև տեղափոխվել Լյուքսեմբուրգի առաջատար ակումբներ` այնտեղ խաղալով 2012 թվականից մինչև վերջերս` «Սոչի» տեղափոխվելը։
2014 թվականից նա ներգրավվում է Հայաստանի հավաքականի խաղերում։