ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով
Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։