ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր նաև Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ռաֆայել Ռոզանը:
Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է առկա հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության նախաձեռնած ծրագրերը:
Դեսպան Ժոնաթան Լաքոտը փոխվարչապետին հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը շարունակելու համագործակցության խորացումը ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով և Հայաստանին ցուցաբերելու աջակցություն՝ մասնավորապես առողջապահության, շրջակա միջավայրի և ենթակառուցվածքների ոլորտներում:
Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունները. հանդիպում` Լաքոտի հետ
Հանդիպման ընթացքում Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերն ու համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: