ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը կարևորում է միջազգային հանրության ջանքերը՝ ի դեմս նման բանաձևերի՝ նպաստելու պատերազմի պատճառների և հետևանքների վերացմանը։ «Արմենպրեսի» հետ զրույցում կարծիք է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով երեկ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» զեկույց-բանաձևերին։
Դրանցում դրույթներ կան նաև ԼՂ հակամարտության և Թուրքիայի դերի մասին: Ըստ այդ բանաձևերի` ենթադրվում է նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի տևական լուծումը և Արցախի ապագա իրավական կարգավիճակի որոշումը համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների հիման վրա»:
«Ինչպես մեկ անգամ ևս փաստվեց միջազգային այս հեղինակավոր մարմնի կողմից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը»,–ասել է Նաղդալյանը։
Նա նշել է, որ առանձնապես կարևորում է, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտել է պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծել է, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան:
Նաղդալյանի խոսքով` ՀՀ ԱԳՆ–ն համակարծիք է ԵԽ–ի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Այդ համատեքստում հատկապես կարևոր է, որ ԵԽ–ն նաև դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը:
Եվրասիական զարգացման բանկի շնորհիվ Հայաստանի ֆոնդային բորսայի տեխնիկան կարդիականացվի
«Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել ԵԽ–ի դիրքորոշումը հումանիտար հարցերի, մասնավորապես՝ գերիների անհապաղ հայրենադարձման առնչությամբ: Հարկ է նշել, որ Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում»,–ասել է Նաղդալյանը։
Նա իր խոսքն ամփոփել է` ասելով, որ էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես է եկել առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից: