ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի առջև են հավաքվել և բողոքի ակցիա են անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը պետք է Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրի։
«Իմ քայլը» առաջադրել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանի և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 տարի է գոչում է նախկինների մասին, բայց հիմա Ջհանգիրյանի թեկնածությունն են առաջադրել։
«Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում։ Խնդիրն այստեղ Ջհանգիրյանն էլ չէ, այլ այն, որ կառավարությունը փոխարենը մեր գերիների հարցը լուծի, ԱԺ–ում օրենքներ է ընդունում, ԲԴԽ անդամներ ընտրում»,–ասաց Մամիջանյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնում են, որ իշխանությունը փորձում է դատական համակարգն իրեն ենթարկեցնել։
Բողոքի ակցիա անողները պահանջում են չեղարկել այսօր ժամը 12։00-ին ԱԺ–ում կայանալիք արտահերթ նիստը։
Վճռաբեկ դատարանի 9 դատավորներից 6-ը հրաժարվել են մասնակցել ԲԴԽ անդամի ընտրությանը