ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը։ Թաթոյանը Facebook–ի իր էջում հայտնում է, որ Լաքոտի հետ հանդիպել է այսօր` հունվարի 21-ին։
Հանդիպման ժամանակ պաշտպանը շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Նա դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը:
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացին՝ նշելով, որ այն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:
Գլխավոր գործոններից է այն, որ այդ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։
Հետևաբար այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի: Ավելին, նա ընդգծել է, որ նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:
Հանդիպմանը կողմերը քննարկել են մարդու իրավունքներին առնչվող այլ հարցեր ևս։
Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։