ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ է առաջադրել։ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` նախկին զինդատախազ Ջհանգիրյանի թեկնածության առաջադրման հարցում կարծիքներ էին հնչում, որ նա արդեն տարիքով մեծ է (Ջհանգիրյանը 65 տարեկան է) և նշանակվելուց հետո թոշակի է անցնելու։
Իսկ ինչ վերաբերում է Խաչատուրյանին, ապա նա էլ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելի «կողմ» ձայներ:
«Գագիկ Ջհանգիրյանը տվել է սպառիչ, անկեղծ պատասխաններ». ԼՀԿ–ն հանդիպել է նրա հետ