ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Էջմիածնի սարքաշինական գործարան: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Գործարանի հիմնական արտադրատեսականին քաղաքացիական և ռազմական նշանակության սարքեր են` օդանավերի լուսատու սարքեր, օդանավում գտնվող որոշ սարքերի ճշգրտությունը ստուգող սարքավորումներ և այլն:
«Նախարարին մանրամասն ներկայացվել է գործարանում ընթացող արտադրական պրոցեսներն ու առկա հնարավորությունները: Գործարանի գլխավոր տնօրեն Միքայել Ղազարյանը նախարարին տեղեկացրել է, որ գործարանում կան նաև խորհրդային տարիներին արտադրված հաստոցներ, որոնք հայ մասնագետների հմուտ ձեռքերի շնորհիվ ժամանակակից CNC հաստոցների են վերածվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայկական արտադրության ԱԹՍ-ն՝ կիրառության մեջ. տեսանյութ
Արշակյանը կարևորել է հատկապես գործարանի սեփական պրոդուկտների արտադրական պրոցեսն ու մասնագետների փորձառությունը՝ ընդգծելով տեղական արտադրանքի կիրառության կարևորությունը մեր երկրի պաշտպանական ոլորտում: Էջմիածնի սարքաշինական գործարանը համալրված է բոլոր տիպի մեխանիկական մշակման սարքերով, հավաքման արտադրամասերով, էլեկտրոնիկայի մասով էլ՝ պատրաստող և ստուգող լաբորատորիաներով:
Էջմիածնի սարքաշինական գործարանի տնօրենն էլ նախարարին ասել է, որ իրենք պատրաստ են ավելի ակտիվ համագործակցել այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում: Ներկայացված արտադրանքի հիմնական պատվիրատուն Ռուսաստանի Դաշնությունն է, սակայն ռազմական ոլորտում գործարանը համագործակցում է Հայաստանում գտնվող այլ ռազմական գործարանների հետ, որպես ամբողջական շղթայի մի մաս որոշ ռազմական նշանակության արտադրատեսակների մասեր պատրաստվում են հենց այս կառույցում: