ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել են Արցախում պարտադիր ժամկետային ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Նրանք բողոքում են ու պահանջում կառավարությունից, որ իրենց որդիները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում։
«Թող մեր որդիներին վերադարձնեն Հայաստան, այստեղ շարունակեն իրենց ծառայությունը»,- նշում են ծնողները։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է ընդունել ծնողներից մի քանիսին։ Այս պահին ծնողները դեռ ներսում են, զրուցում են։
Հիմա կառավարության շենքի դիմաց հավաքված հարազատները սպասում են, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ծնողները դուրս գան և հայտնեն արդյունքների մասին։
Դրանից հետո իրենք կորոշեն իրենց հետագա անելիքները։
Բողոքի ակցիա, երթ, լեզվակռիվ. ընդդիմությունը երթով եկավ կառավարության մոտ. տեսանյութ
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջում էին, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։