ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղում է և կատարում է իր պարտականությունները: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել։
«Ես նման տեղեկություն չունեմ։ Նախարարը տեղում է և կատարում է իր պարտավորությունները», - ասաց Նիկողոսյանը։
Արդեն մի քանի օր է` որոշ լրատվամիջոցներ գրում են, որ Թորոսյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել։ Նշվում է, որ նման որոշման պատճառը, իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններն են, որոնք հատկապես սրվել են պատերազմից հետո։ Գրում են` Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Թորոսյանը հայտարարել էր, թե երկիրը կառավարելու ձախողումից և պատերազմում պարտվելուց հետո ճիշտ կլիներ, որ նա հրաժարական տար։