ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանձնարարել է նոր միջոցառումների առաջարկներ ներկայացնել` Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով։ Գրիգորյանը նման հանձնարարություն է տվել կառավարությունում կայացած Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստի ժամանակ։
«Նիստի սկզբում Մհեր Գրիգորյանը մասնակիցներին ներկայացրել է այս պահի դրությամբ հաստատված աջակցության ծրագրերի արդյունքները և հետագա անելիքները: Այնուհետև նիստին հրավիրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զեկուցել է ծրագրերի իրականացման ընթացքը: Քննարկման շրջանակներում Արցախի նախագահի խորհրդականի կողմից ներկայացվել են նաև շահառուներից ստացված արձագանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նիստի արդյունքներով Մհեր Գրիգորյանի կողմից հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել աջակցության ծրագրերի իրականացման գործընթացը՝ արձագանքելով ընթացիկ խնդիրներին։
Մհեր Գրիգորյանը նախագահում է նաև Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խումբը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։