ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։
«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100 000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։
Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34 000 դրամի չափով:
Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:
Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։ Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:
Ծրագրերին կարող են դիմել պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանում փաստացի գտնվող այն անձինք, որոնք հաշվառված են և մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են Արցախի վերհսկողությունից դուրս մնացած համայնքներում։
Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։
Անորոշության շեմին. բերձորցիները լքում են իրենց տները
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։