Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել է Արցախից ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու և պահելու հանցավոր խումբ:
Պարզվել է, որ Երևանի բնակիչ Ս.Բ.-ն 2020–ի սեպտեմբերի 27-ից որպես կամավոր մեկնել է Արցախ` իբր մասնակցելու պատերազմին։ Ապա նա մարտի դաշտից գողացել է ինքնաձիգներ, փոխադրել է Արցախից Հայաստան և պահել է Երևանում գտնվող իր բնակարանում։ Դրանից հետո՝ 2020–ի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել տարբեր անձանց հետ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Նախաքննության ընթացքում Ս.Բ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ և շրջանառությունն արգելված այլ իրեր:
Այնուհետև Ս.Բ.-ի հետ համագործակցող անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ հայտնաբերվել է թաքստոց Սյունիքի մարզի Տեղ գյուղում։ Այդտեղ հայտնաբերվել են 43 Կալաշնիկով, մոտ 1500 փամփուշտ` տարբեր տրամաչափերի, սվին դանակներ, զինվորական կողապայուսակներ, ատրճանակի պատյաններ, որսորդական հրացաններ, 1 հատ նռնակ և այլն:
Գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ... ԱԱԾ-ն առգրավել է ապօրինի զենք-զինամթերք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ձեռնարկել ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար: