ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. 2021թ. հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն, Մարտակերտ քաղաքի վարչական տարածք հանդիսացող «Մարտակերտի Բաղեր» կոչվող տեղամասում էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելու ընթացքում՝ նախնական տվյալներով, պայթել է ականի վրա, որի արդյունքում մարմնի տարբեր աստիճանի այրվածքներ ստանալու հետևանքով տեղում մահացել է:
Տեղեկությունը հայտնում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի սպա, գումարտակի հրամանատար, մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Հիշեցնենք, հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի է պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Իսկ ավելի վաղ` 2020թ.–ի դեկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանին անցած Աղդամի շրջանում ականի պայթյունից մեկ մարդ է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։
Իսկ նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։