ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. 31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության։ Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«31 տարի առաջ օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը: Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Ինչպես 17–ամյա հղի հայուհին փրկվեց 90-ականների ջարդերից, կամ մի գորգի պատմություն
Վերոնշվածի վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը։
Հիշեցնենք`1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները, ծեծել մարդկանց, դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով:
Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:
1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն, սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: