Սարյանի փողոցում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքը շուտով նոր տեսք է ստանալու, նաև նոր ժամանակակից ենթակառուցվածքային գործառույթ է ունենալու։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Մեր ընթերցողներին տեղեկացրին, որ երկրորդ կյանք ստացած շենքում փոստի թանգարան է լինելու։ Ներկայացվող նմուշերը կարելի է համարել այդ թանգարանի նմուշներ, սակայն սկզբում ուրիշ բանի մասին խոսենք։
Վաղեմի ընկերներիցս մեկը՝ մոսկվայաբնակ Լևոն Վիրաբյանը, բացառապես հայկական սիգարներ է ծխում` պնդելով, որ դրանք չեն զիջում հավանականին։ Երևան գալիս նա այդ սիգարներից մեծ քանակությամբ գնում է: Կորոնավիրուսային ձգձգված շրջանում կապը հայրենի քաղաքի հետ դժվարացել էր, սակայն սիգարի հետ կապված խնդիրներ ինչպես չեն եղել, այնպես էլ չկան՝ ապրանքը փոստով է հասնում: Էժան ծառայություն չէ, սակայն սովորույթից հրաժարվելն ավելի դժվար է: Եվ ահա Լևոնը լավ լուր է իմանում:
Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ստացող և ուղարկող քաղաքացիների համար այսուհետ ավելի հեշտ կլինի՝ երկու երկրների փոստային գերատեսչությունները պայմանավորվել են ծանրոցների սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության զարգացման մասին:
Ավելի հասկանալի լինելու համար ասեմ՝ Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը գրեթե եռակի կնվազի: Ավելի կոնկրետ՝ մինչև 1 կգ քաշ ունեցող ծանրոցը կարժենա 2950 դրամ: Յուրաքանչյուր լրացուցիչ կգ-ի դիմաց անհրաժեշտ կլինի վճարել 1250 դրամ:
Ավելի պարզ լինելու համար՝ համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Ռուսաստանի փոստի» գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:
Իսկ հիմա հայկական փոստային ծառայության պատմության և աշխատանքային կենսագրության մասին: Հայաստանի տարածքում այն գործում է 1828 թվականից, սկզբում Ռուսաստանի կայսրության փոստային համակարգի շրջանակում, այնուհետև՝ Խորհրդային Միության, իսկ 1991 թվականից՝ որպես անկախ Հայաստանի փոստային գերատեսչություն:
Այսօր «Հայփոստը» բնակչությանը փոստային, ֆինանսական և էլեկտրոնային ծառայություններ է մատուցում, հարակից ապրանքների վաճառքով զբաղվում։ Այն իր ենթակայության տակ ամբողջ հանրապետությունով շուրջ 900 փոստային բաժանմունք ունի, ինչպես նաև պատասխանատու է սեփական արտադրության փոստային նամականիշերի թողարկման և վաճառքի համար:
Ծանրոց ուղարկելիս կամ ստանալիս փոստային բաժանմունքից ստացած սեփական տպավորություններից: Թե՛ մեկը, թե՛ մյուսը տեղի է ունենում նեղ, անհարմար սրահներում` կնքամոմի և նրբատախտակի հոտով ներծծված: Արկղերը պատրաստվում ու ապրանքով լցվում են ձեր աչքի առաջ, զմռսվում մեխերով, փաթաթվում լարանով, փակվում հալեցված կնքամոմով և դրոշմակնքվում, ինչը երաշխավորում էր պարունակության պաշտպանությունն ու ապահովությունը:
Այնուհետև սակավախոս աշխատակիցը կեղտոտված խալաթով դուրս էր գրում անդորրագիրը, տանում ծանրոցը ներս ու դղրդյունով նետում ընդհանուր կույտի վրա: Կոպիտ էր, երկար ու գնային առումով ոչ մատչելի:
Ավելի հուսալի ու մատչելի էր ստացվում գնացքով ծանրոց ուղարկելը, ինչի համար պետք է գնայիր կայարան, մոտենայիր ուղեկցորդներից (հաճախ՝ ծանոթ) որևէ մեկին, հանձնեիր առաքանին, նշեիր ստացողի անունն ու բնականաբար վճարեիր: Երևան-Մոսկվա (և հակառակ ուղղությամբ) երթուղիով՝ դադարներով Սոչիում, Ռոստովում և այլն, փոխադրումն անխափան գործում էր: Բիզնեսը ծաղկում էր ընդհուպ մինչև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցման արգելափակումը:
Այստեղ փոքր շեղում մտցնեմ՝ արժանին հատուցելու համար նախկին ԽՍՀՄ միջանցիկ երկաթուղային հաղորդակցմանը: Երևանի հնաբնակները պետք է հիշեն, որ նույն այդ վագոնների ուղեկցորդները Երևան թառափ և ձկնկիթ էին հասցնում, որը յուրատեսակ «ողջույն» էր ադրբեջանցի որսագողերից: Ցենտներով էին բարձում, տեղավորու մ վագոն-ռեստորանների սառնարաններում և երևանցիների սեղանին մատակարարում թարմ վիճակում: Այն մեծ պահանջարկ ուներ:
Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից
Սակայն գլխավոր թեմային դառնալով՝ ասեմ, թե ինչը ինձ մի օր ապշեցրեց Ամերիկայում: Թոռանս համար Ֆիլադելֆիայից սպորտային կոշիկ էինք պատվիրել (բավական ցածր գնով), այն դեպքում, երբ ապրում էինք Դետրոյթի մերձակայքում: Հարցին, թե տղան երբ կստանա նոր կոշիկները, ծնողները պատասխանեցին. «Հիմա կիմանանք»։ Բացեցին նոթբուքը, սեղմեցին ստեղնաշարին և հայտնեցին. «Ներկա պահին կոշիկները կես ճանապարհին են, կլինեն վաղը մոտավորապես ժամը 18.00-ին»: Փոստային առաքման էլեկտրոնային հետևման մասին այդ ժամանակ (10 տարի առաջ) ես նույնիսկ չէի լսել, իսկ այսօր դա սովորական երևույթ է նաև Հայաստանում:
Համացանցի օգտատերերի արձագանքներից.
«Չեմ հասկանում, ինչու է ծանրոցս այսքան երկար գալիս: Տրամաբանական կլիներ, եթե ուշացումը վիրուսային իրավիճակի հետ կապեին: Բայց Ամերիկայից ծանոթներիս համար ուղարկված ծանրոցը 2 շաբաթում տեղ հասավ, իսկ իմը Ռուսաստանից մոտ 2 ամիս է գալիս, ու հասկանալի չէ` արդյոք գալիս է, թե կորել է, քանի որ վաղուց հնարավոր չէ հետևել ընթացքին: Շատ կարևոր ու արժեքավոր ապրանք է: Խնդրում եմ, պարզեք: Շնորհակալություն»:
«Ինձ ծանրոցն ուղարկել են մայիսի 16-ին: Թրեք-կոդով վերջին տեղեկությունը ստացել եմ մայիսի 25-ին՝ արտահանում Սանկտ Պետերբուրգից: Պետք է ստանամ Հայաստանում: Մինչ օրս որևէ տեղեկություն չկա: Ինչ կարելի է անել: Հուլիսի 7»:
«Ծանրոցը ստացվել է պատշաճ ժամկետներում և պատշաճ տեսքով, հետևել հնարավոր էր իրական ժամանակի ռեժիմում»: Նման հաղորդագրությունները ոգեշնչում են, և դրանք, կարծես թե, ավելի շատ են:
…Այդ ընթացքում ընկերոջս՝ Լևոնին հերթական ծանրոցն են առաքում:
-Երանելի է իհարկե, - նկատեց նա, մի մուխ քաշելով նոր խմբաքանակի սիգարից: Բայց ավելի լավ է, երբ նույնն անում ես տանը՝ Երևանում: Նստած ես Սարյան փողոցի հարմարավետ սրճարաններից մեկում՝ անմիջապես «Հայփոստի» գլխամասի դիմաց: Լուռ է, հարմարավետ, լավ երաժշտություն է հնչում: Հայրենիքի ծուխն էլ է մեզ համար քաղցր ու հաճելի…