ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ։ Նրանք պահանջում են քննիչներից քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:
«Մենք մեր ուժերով ենք գնացել ու գտել տղայիս մարմինը։ Նոյեմբերից հաղորդում ենք տվել հանցագործության մասին։ Հրամանատարների սխալ հրամանների պատճառով զոհվել են մեր երեխաները։ Սխալ ուղղություններով են տարել, սխալ մարտավարություն են վարել։ Նրանք պետք է պատասխան տան», - լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։
Մի խումբ զոհված զինծառայողների ծնողներ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել և դիմումներ են գրել քննչական կոմիտե։
«Դեռ շատ մարդիկ կան, որոնք պետք է քննվեն: Քննիչներն ասում են, որ նրանք Ղարաբաղում արդեն քննվել են: Բայց խնդրի լուծումը մնացել է օդում»,- նշեց Մխիթարյանը:
Նա լրագրողներին ասաց, որ քրեական գործերի ձգձգման միտում չի տեսնում, ուղղակի խնդրում է, որ բոլոր բաժինների քննիչներն ավելի արագ ու արդյունավետ աշխատեն։
«Ճանապարհը ո՞նց դարձավ անվտանգ». զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։
Նշենք, որ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 10-ը իրականացած որոնողական աշխատանքների արդյունքում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել է 1211 դի, գտնվել է 9 ողջ մարդ, 7-ը զինծառայող, 2-ը քաղաքացիական անձ՝ հայր և որդի Հադրութից։