ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի աշխատանքի և սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն։
«Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության»,–ասված է հաղորդագրության մեջ։ Տեղեկացվում է, որ բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Դիմումները կարող են ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ` նշելով հետևյալ տեղեկությունները՝
– ընտանիքի անդամների քանակը, կազմը,
– ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
– նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
– այլ տեղեկություն
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ mss.nkr@mail.ru, կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին։