ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտնել են իրենց մտահեգությունները։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածուն` Վազգեն Մանուկյանը։
Արա Այվազյանը քիչ առաջ հանդիպում էր Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հետ։
«Նախարարին հայտնեցինք մեր մտահոգությունները և որոշ բացատրություններ ստացանք։ Առաջիկայում սպասվում է հանդիպում նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ։ Հանդիպումներից հետո կամփոփենք և հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց Սարգսյանը։
Իսկ թե երբ է նախատեսված ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը` Մանուկյանը պատասխանեց, որ երբ հայտնի լինի` կհայտնեն այդ մասին։
Լրագրողների հարցին, թե Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ հնչած պատասխանները բավարարե՞լ են իրենց, Մանուկյանը պատասխանեց, որ իրենց հարցերի պատասխանները ստացել են, որոշները բավարարել են, որոշները` ոչ։
Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը բաց նամակով դիմել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Նա վերոհիշյալ պաշտոնատար անձանցից պահանջել էր այսօր` հունվարի 9-ին, հանդիպել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ։ Մանուկյանը հավելել էր, որ հունվարի 11-ին նախատեսված Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ և տագնապներ կան քաղաքական-հասարակական լայն շրջանակներում: