ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական գոլն է խփել և գոլային փոխանցում կատարել իտալական Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակում։
Նշենք, որ «Ռոման» հունվարի 6-ին հյուրընկալվել էր «Կրոտոնեին»:
Հանդիպման 8-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը: 29-րդ րոպեին Մայորալն իր երկրորդ գոլը խփեց։
35-րդ րոպեին Մխիթարյանն ինքը գոլի հեղինակ դարձավ` անվրեպ իրացնելով 11 մետրանոցը։
Առաջին խաղակեսն ավարտվեց «Ռոմայի» հաղթանակով՝ 3-0:
Հանդիպման 63-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց:
Երկրորդ խաղակեսում՝ 71-րդ րոպեին, տանտերերին հաջողվեց մեկ գոլ խփել։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»։
Հռոմեական ակումբը վաստակեց 33 միավոր և շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը:
Հավելենք, որ հունվարի 3–ին Մխիթարյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում: Նա մրցանակը ստացել է «Ջենոայի» դարպասի մոտ իր կատարած հեթ-տրիկի շնորհիվ։
Հենրիխ Մխիթարյանը հերթական մրցանակն է ստացել իտալական «Ռոմայում»
Ավելի վաղ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի կազմում անցկացրել է յոթ հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել է երկու արդյունավետ փոխանցումներ:
Դեկտեմբերի 25-ին Մխիթարյանն արդեն տասներորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։