Պատերազմի ժամանակ, ինչպես և խաղաղ կյանքում հրաշքներ լինում են, հատկապես, եթե հավատաս դրան։ Ավելին, երբեմն այնպես է ստացվում, որ նույնիսկ ամենաանհավատները հետո սկսում են հավատալ Աստծուն։
Զորամասերից մեկի քահանան՝ սարկավագ Իշխան Քամալյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ Արցախյան պատերազմի ժամանակ անձամբ է բազմիցս բախվել հրաշքով ավարտվող պատմությունների։
Քամալյանը հոգևոր կյանքով փոքր տարիքից է հետաքրքրվել։ Պապը քահանա է եղել, և հենց նա է Սուրբ գիրքը բացահայտել թոռան համար։ Այդ օրվանից տղան գիտեր, թե կյանքում, որ ուղղությունը պետք է ընտրի։ Քամալյանը գնաց պապի հետքերով։
Առանց Աստծո գործը գլուխ չեկավ...
Քամալյանի հետ տեղի ունեցածն այն դեպքերից է, երբ ասում են՝ Աստծո ձեռքն անպակաս էր։ Վերջին պատերազմի ժամանակ մի օր Զինավան ոստիկաններով ավտոբուս է ժամանում, ոստիկաններին հաշվառման էին կանգնեցնում զինկոմիսարիատում։ Հանկարծ այդ ավտոբուսին անօդաչուի արկ է հարվածում։ Հրաշքով այդ պահին ավտոբուսը դատարկ էր, ավելին՝ արկը չի պայթում։ Ինքը` Քամալյանը, հարվածի պահին ավտոբուսին շատ մոտ էր կանգնած և կարող էր ամենաքիչը ծանր վիրավորում ստանալ...
Քամալյանը նշեց, որ մյուսների հետ էլ նման պատմություններ են եղել։ Օրինակ՝ լեգենդար «Եղնիկներ» զորամասի սարկավագի հետ։ Նրա՝ տնից դուրս գալու պահին շենքի վրա «Սմերչի» հրթիռ է ընկել։ Տունը գրեթե անմիջապես փլուզվել է, բայց սարկավագը հրաշքով ողջ է մնացել։
Նման մի անհավանական պատմություն էլ տեղի ունեցել զորամասերից մեկի քահանա, սարկավագ Դավիդ Հովհաննիսյանի հետ։ Մարտական գործողությունների ընթացքում մի օր Հովհաննիսյանը մեքենան լցնում է պարենով, որը պետք է առաջնագիծ հասցներ։ Մեքենայի վրա կամիկաձե անօդաչուից արձակած արկ է ընկնում։ Բայց չի պայթում, ու Հովհաննիսյանը ողջ է մնում։
Քամալյանի կարծիքով՝ բոլոր այս դեպքերում օրինաչափություն է նկատվում։ Եկեղեցականը համոզված է՝ Աստված է իրենց փրկել։ Նա հիշում է, որ ինքն էլ զինվորների խմբի հետ հաճախ ստիպված է եղել կանգ առնել ճանապարհին որևէ հատվածում և սպասել, մինչև անօդաչուների ձայնը կմարի, որպեսզի կարողանան շարունակել ճանապարհը։ Նույնիսկ նման դեպքերում տպավորություն էր ստեղծվում, որ Աստված իրենց կանգնեցնում է, որ պաշտպանի։
«Պատերազմից հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում, այլ կերպ նայում աշխարհին։ Այն ինչ ապրում ես խաղաղ ժամանակ` իռացիոնալ իրականություն է», – ասաց Քամալյանը։
Հարցին՝ արդյոք եղե՞լ են պահեր, երբ վախի զգացում է ունեցել, Քամալյանը պատասխանում է, որ բոլոր զգացողությունները, այդ թվում նաև վախը, տրված են ի վերուստ։ Նա որպես հոգևորական պարզապես պարտավոր էր սառնասրտություն պահպանել նույնիսկ ամենադժվար պահերին, երբ մահվան աչքերին էր նայում։
Մահվան աչքերին նայելիս
Քամալյանը պատերազմի 44 օրերին իր զորամասի զինվորների կողքին է եղել։ Նա հնարավոր ամեն կերպ սատարել է նրանց, երբեմն՝ նույնիսկ իր լուռ ներկայությամբ։ Սարկավագը նշում է, որ լինում են պահեր, որ հոգևորականի միայն ներկայությունը մեծ ուժ է տալիս զինվորներին, նրանք տեսնում են, որ միայնակ չեն։
Պատերազմի ցանկացած օրը նա չի կարող մոռանալ, բայց մի դեպք նրա վրա հատկապես ազդել է։ Ծանր մարտերից մեկն էր, նա զինվորների հետ միասին թաքստոցում էր, ոչ ոք չէր խոսում, միայն մի ծանր զգացողություն կար։
«Մեր հայացքները հանդիպեցին, և հայացքներում անծայրածիր հույս ու հավատ էր։ Խաչը դրեցի նրանց գլուխների վրա ու աղոթեցի։ Աստծո օգնությամբ մեզ հետ ոչինչ չպատահեց։ Այդ դրվագն հիշելու եմ ամբողջ կյանքում, այն իմ կյանքում շատ բան փոխեց», – ասաց Քամալյանը։
Հոգևորականը համոզված է, որ իրենց առաքելությունը շատ կարևոր է ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։ Նրանք օգնում են զինվորին, որպեսզի վերջիններս գտնեն իրենց։ Քամալյանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ այլ դավանանք ունեցող կամ անհավատ զիվորներն Աստծուն են դարձել։
Զինվորների ցանկությամբ իրենց զորամասի բակում Սուրբ Սարգսի մատուռ էին սկսել կառուցել։ Պատերազմի պատճառով շինարարությունը կանգնեցվեց, սակայն այն կվերականգնվի արդեն 2021 թվականի ապրիլին։