ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը հոսպիտալացվել է։ Նրան տեղափոխել են Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոն՝ կորոնավիրուս ախտորոշմամբ։ Տեղեկությունը հայտնում է ABC հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Քինգ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
Նշվում է, որ 87-ամյա հաղորդավարը նախօրեին COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Հեռուստաընկերությունում նշում են, որ Քինգին մեկուսացրել են։ Հարազատները նրան այցելել չեն կարող։
Քինգը տառապում է շաքարային դիաբետով և հիվանդ սիրտ ունի: 2019 թվականին նա երրորդ անգամ սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Հայտնի հաղորդավարի առողջությունը խաթարել է նաև ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը. մահացել են 65-ամյա որդին՝ Էնդի Քինգը և 52-ամյա դուստրը՝ Չայա Քինգը: Էնդիի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել, իսկ Չայայինը՝ քաղցկեղը։
Չխմել, չուտել ծանրամարս սնունդ. կորոնավիրուսի դեմ պատվաստումների հակացուցումները
Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:
2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։