Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Շիրակի մարզի Թորոսգյուղում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների համար այս Նոր տարին տարբերվում է մյուսներից:
Թեև այստեղ նրանց ջերմությամբ են շրջապատել, սակայն տոնական տրամադրություն չկա: 8 ընտանիք՝ 30 անձ է այստեղ ժամանակավոր բնակվում: Ասում են՝ նույն տնից չենք, նույն հալից ենք. բոլորն էլ արդեն Ադրբեջանին անցած բնակավայրերի նախկին բնակիչներն են:
«Ամեն տարի Նոր Տարին մեծ շուքով նշել ենք՝ գիշերը 12-ին հրավառությամբ ու տոնախմբությամբ, բայց այս տարի... Այսքան զոհ, մենք էլ՝ տնից ու տեղից զրկված՝ ինչ Նոր տարի, պարզապես օր ու ամսաթիվ է փոխվում»,-արցունքն աչքերին Sputnik Արմենիայի թղթակցին պատմում է Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղի բնակչուհի Ալինա Վարդանյանը նշելով՝ այս տարի տոնական տրամադրությունից զրկվել են նաև երեխաները.
«Երեխաները խնդրում են. «Մա՛, բա տոնածառ», բայց իրենց էլ կհասկացնենք, որ այս տարի այդ ամենը չի լինի»:
Նախկինում դեկտեմբերի 25-ից Ամանորին պատրաստվող Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակչուհի Ռոզա Կարապետյանն ասում է. «Այս տարի ընդհանրապես տրամադրություն չկա: Կորուստն ու ցավը մեծ է»,-ավելացնելով՝ ճիշտ է, այս տարի ո՛չ տոնական սեղան, ո՛չ տոնակատարություն չի լինի, բայց երեխաներին Ձմեռ պապիկին նամակ գրել չեն արգելել: «Գրել ու դրել են բարձերի տակ, ասում են՝ Ձմեռ պապին կգա կտանի»:
«Ի՜նչ նոր տարի, ինչ բան: Անցած տարիներին էնպիսի տեղ էինք ապրում, որ ոչ մի խնդիր չկար օրը տոն դարձնելու ՝ սեփական այգու բերք ու բարիքը լիքը, խոզն էլ հետը պահում էինք ու դեկտեմբերի 27-ին մորթում: Մեր քրտինքով ստացած բարիքով մեծ սեղան էինք գցում, միայն կոնֆետն էինք գնում, իսկ այս տարի ով սիրտ ու հավես ունի, միայն թե երեխեքը չեն հասկանում՝ թրթռում են ու տոն ուզում»,-ասում է Լաչինի շրջանի Վուրգավան գյուղի բնակչուհի Կաքավ Հակոբյանը:
Արցախում իրենց տարիների քրտինքը, տուն ու տեղը ադրբեջանցուն թողած, հարազատներ կորցրած ու Հայաստան տեղափոխված ընտանիքների ճակատագիրը նույնն է, մաղթանքն էլ՝ խաղաղություն լինի, և որ ոչ մի կին իր ամուսնուն, երեխան՝ ծնողին, իսկ ծնողն էլ երեխային չկորցնի: