ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորյա ուղերձ է հղել՝ կոչ անելով ապագայի հավատով դիմավորել նոր՝ 2021 թվականը:
«Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ Եկեք հենց այդպիսի ապագայի հավատով դիմավորենք նոր 2021 թվականը»,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Երկրորդ նախագահը ծաղիկներ էր խոնարհել հանուն հայրենիքի նահատակված հերոսների գերեզմաններին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։