ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ երկրորդնախագահի գրասենյակը՝ հրապարակելով նրա այցը ներկայացնող մի քանի լուսանկար։
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի նահատակված հերոսների գերեզմանների, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։ Լուսանկարներում երևում է, որ նախագահին ուղեկցել է նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ընդդիմությունը ջահերով երթ կազմակերպեց դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Դեկտեմբերի 19-ին կառավարության նախաձեռնությամբ սգո քայլերթ կազմակերպվեց։ ՀՀ մի շարք ներկա և նախկին պաշտոնյաներ, քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ չմասնակցեցին երթերից ոչ մեկին՝ նախընտրելով առանձին այց կատարել։
Նրանց թվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլք։