ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանի սահմանում տեղի ունեցող սահմանազատման գործընթացին։
Նա նշել է, որ պետական սահմանի ակնհայտ ապօրինի, խայտառակ գծանշումների երևույթին հարկադրված շատ է անդրադարձել, սակայն չէր կարող կանխատեսել, որ այսպես հապճեպ, տնավարի կգործեին։
«Նախ, որևէ ողջամիտ մարդու համար չէր կարող ընկալելի համարվել, որ հայտնի «հայտարարությունից» չբխող վերացական արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի բնակավայրերը միմյանց կապող ճանապարհները անմիջապես Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու պատրաստակամություն։ Որոշ սակավաթիվ դեմքեր էլ փորձում են պրիմիտիվ հնարքներ առաջ մղել, թե բա՝ նախկինում են այդ ճանապարհները կառուցվել»,–գրել է նա։
Դանիելյանի խոսքով` ոչ մի երաշխիք չկա, որ շատ մոտ ապագայում թուրքն անարգել անցնելու է սահմանային գոտիների և մաքսային կետերի կահավորմանը՝ դրանից բխող գերվտանգավոր և տնտեսապես խոցելի հետևանքներով հանդերձ։
«Նրանք, ովքեր չիմացության կամ այլ շահագրգռվածության արդյունքում նույնացնում են ներքին ու արտաքին սահմանագծումները, խորհրդավոր կերպով մատնանշում պետական սահմանի հետ անմիջական կապ չունեցող օրենքներ ու սովետական իրավիճակներ, առնվազն պետք է հասկանային, որ պետական սահմանի վերաբերյալ միջազգային և ներազգային բարդ ընթացակարգերը հենց նրա համար են, որ պատասխանատու, ոչ թե սիրողական բանակցային գործընթացներով սահմանային գծանշումները որոշվեին այնպես, որ փոխադարձաբար բացառվեին ճանապարհների և բնակավայրերի մերօրյա փնթի, ընդ որում, միակողմանի շահավետ լուծումները՝ առանց միմյանց վնասելու»,–գրել է նա։ Դանիելյանը հիշեցրել է, որ միջազգային փորձում այդպիսի գործընթացները տարիներ են տևում։ Հաջորդ իշխանությանը բարդ, անչափ բարդ ու հակասական ժառանգություն է թողնվում, ինչն էլ ավելի է խճողվում ամեն Աստծո օր։
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը
«Խնդրում ենք դադարեցրեք այդ ապօրինի գործընթացները, անցեք իրավաչափ գործիքների կիրառմանը»,–գրել է Դանիելյանը։
Իր հետգրության մեջ Դանիելյանը հիշեցնում է, որ Ազգային ժողովը պետք է գոնե այս ճակատագրական փուլում ըմբռնի իր առաջնահերթությունները։ Որովհետև խորհրդարանական պետությունում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ոչ թե ամեն գնով արդարացնելու իրավասությունն է ԱԺ–ին վերապահված։