ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա է ընթանում։ Սուրբ Գայանե եկեղեցու բակ բազմաթիվ հավատացյալներ են եկել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել այն մասին, որ այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը։
![«Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». Էջմիածնում ակցիա է ընթանում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին». Էջմիածնում ակցիա է ընթանում - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/1b/25912718_0:0:1280:720_600x0_80_0_0_072a0a085499e2ebf60a124e913bf543.jpg)
Նշենք, որ սոցցանցերում նման տեղեկություններ տարածվեցին, երբ Սիսիանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հոգևորականին և փորձեց նրան ձեռքով բարևել, սակայն հոգևորականը չպատասխանեց վարչապետին՝ նրա ձեռքը թողնելով օդում։
Երեկ Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն էր տարածել, որում հորդորում էր պահպանել հանգստություն ու հանդարտություն և չազդվել սադրիչ հայտարարություններից։
Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ–ի հայրական հորդորն էր՝ տարեվերջյան Սուրբ պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար:
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ինչպես ակցիայի նախաձեռնողներից, այնպես էլ հնարավոր մասնակիցներից պահանջելով զերծ մնալ այնպիսի գործողություններ իրագործելուց, որոնք կարող են խաթարել հոգևոր կենտրոնի և հոգևորականների բնականոն գործունեությունը, Սուրբ Էջմիածին այցելող քաղաքացիների այլ իրավունքները, ոտնահարել և վիրավորել վերջններիս հոգևոր զգացմունքները և կարող են հանգեցնել միջխմբային բախումների։
Նշվում էր, որ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները նման դրսևորումները կասեցնելու և կանխելու համար, իսկ եթե այդպիսիք տեղի ունենան ու կրեն հանցավոր բնույթ, դրանցում ներգրավված բոլոր անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
***
Մայր աթոռ Սուրբ Էջմիածին եկավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Նրան ուղեկցում էին մի քանի ոստիկաններ, հոգևորականներ ու հավատացյալների մեծ բազմություն։
Այս պահին Սուրբ Գայանե եկեղեցում մեկնարկում է տարեվերջյան պատարագը։
Ցավն ու վիշտը վերածելու ենք ուժի և զորության. Մայր աթոռում զոհվածների հիշատակի պատարագն է